Ո՞վ առաջինը մարդ կուղարկի լուսին. ԱՄՆ–ԽՍՀՄ դիմակայությունը՝ արտառոց ու հումորային բեմադրությունում
Մայիսի 8–9-ին Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի բեմում «Մի փոքր քայլ» ներկայացումով հանդես կգա «Օքսֆորդ փլեյհաուս» ստեղծագործական խումբը։
«Մի փոքր քայլ»-ը արտառոց, հումորային և անակնկալներով լեցուն ներկայացում է, որն առաջին անգամ բեմադրվել է 2008թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնին։
Այժմ Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Մի փոքր քայլը» մեկնել է սևծովյան հյուրախաղերի և մոտ օրերիս կհյուրընկալվի Երևանում։
Այս մեկ գործողությամբ դինամիկ ներկայացման մեջ նկարագրվում է ԱՄՆ-ի և Խորհրդային Միության մրցակցությունը մարդուն առաջինը լուսին ուղարկելու համար։ Դերասաններ Ռոբին Հեմինգսը և Օլիվեր Միլլինգհամը, ովքեր վարպետորեն բազում կերպարներ են ներկայացնում, առօրյա կենցաղային իրերի միջոցով ստեղծում են տասնյակ պատկերներ։
Նշենք, որ Երևանյան հյուրախաղերի ընթացքում դերասանները կհանդիպեն լրագրողներին, ինչպես նաև վարպետության դաս կկազմակերպվի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների համար։










