Կարգելվեն Երևանի կանաչ տարածքներում ապագա կառուցապատումները

12:54 • 06.05.10

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է արգելել ապագա կառուցապատումները և բացառել գետնափոր կառույցների առկայությունը Երևանի հանրային կանաչ տարածքներում։

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ «Ուսանողական այգին» պետք է ազատվի շինօբյեկտներից և վերադարձվի հանրությանը։ Նախաձեռնողները շեշտել են, որ սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ:

Քաղաքապետն առաջարկել է համագործակցել քաղաքի հրատապ խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են քաղաքացիական նախաձեռնությունից՝ նշելով, որ «Ուսանողական այգու» առնչությամբ, այնուամենայնիվ, որևէ առաջընթաց չի արձանագրվել։