Հայաստանյան պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ՝ մասնակցելու տոնական հանդիսությունների

16:09 • 07.05.10

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսություններին։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ-ից, պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ‎ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։

Մայիսի 8-ի երեկոյան պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երեկոյին։

Մայիսի 9-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ կդնեն Ստեփանակերտում և Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կմասնակցեն սուրբ պատարագի արարողությանը։

Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան։