iPad-ը նեղում է նեթբուքերին
iPad-ի մուտքը պլանշետային համակարգիչների շուկա մեկ ամիս անց նեթբուքերի վաճառքների լճացման պատճառ է դարձել։ Այսպիսի եզրակացության են հանգել Morgan Stanley-ի վերլուծաբանները։
Այն, որ iPad-ի ապրիլյան մուտքն ու դրան նախորդած սպառողական տարերքը հանգեցրել է ԱՄՆ-ում նեթբուքերի վաճառքների անկման, փաստում է Hewlett Packard-ի կողմից Palm ընկերության ձեռքբերմանը նվիրված Morgan Stanley-ի զեկույցը։
Դրանում նշվում է, որ 2009թ. նեթբուքերի վաճառքների ամսական աճը քանակային առումով եռանիշ տոկոսների է հասել։ Աճի պիկը գրանցվել է հուլիսին, երբ հունիսի համեմատ վաճառված նեթբուքերի քանակն ավելացել է 641%-ով։ Օգոստոսին ամսական աճի ցուցանիշը 514% էր, սեպտեմբերին ՝ 564%։ Նեթբուքերի վաճառքները կտրուկ կրճատվել են 2010թ. տարեսկզբից։ Փետրվարին, հունվարի համեմատ, վաճառքներն աճել են ընդամենը 53%-ով, ապրիլի ամսական ցուցանիշը չնչին 5% էր։ Հիշեցնենք, որ iPad-ի մասին Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը հայտարարեց 2010թ. հունվարին։
Morgan Stanley-ի վերլուծաբանների կարծիքով՝ նեթբուքերի ու նոթբուքերի վաճառքների լճացումը պայմանավորված է հենց iPad-ի թողարկման մասին նորությամբ։ Համաձայն Morgan Stanley-ի մարտյան զեկույցի՝ համակարգիչ գնել պատրաստվող ամերիկացիների մոտ 44%-ը պատրաստ է եղել մի քիչ էլ համբերել ու ձեռք բերել հենց iPad՝ այն նախընտրելով մեկ այլ արտադրողի նեթ- կամ նոթբուքից։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










