Գտել են Մեքսիկական ծոցում նավթի հորատանցքի պայթյունի պատճառը

16:23 • 08.05.10

Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային հարթակում տեղի ունեցած պայթյունի պատճառը, ամենայն հավանականությամբ, հորատանցքից բարձրացած մեթանի պղպջակն է: Այս տեսակետը Associated Press-ի հետ զրույցում հայտնել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Բին, որը համարվում է հորատման աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության ապահովման ոլորտի խոշոր մասնագետներից մեկը։ Նա նման եզրահանգման է եկել վթարի ականատեսների վկայությունների հիման վրա։

Ըստ գիտնականի առաջադրած տարբերակի՝ մեթանի պղպջակն առաջացել է ոչ մեծ խորության վրա շիկացման պատճառով, որը տեղի է ունեցել հորատանցքի բետոնապատման ընթացքում առաջացած քիմիական ռեակցիայի հետևանքով. դա ստորջրյա հորատման գործընթացի ստանդարտ տեխնոլոգիաներից է։ Ջերմաստիճանի բարձրացումը մեթանը հեղուկ վիճակից վերածվել է գազայինի, ինչից հետո խորությունից բարձրանալու և ճնշման անկման արդյունքում մեծացած պղպջակը քանդել է բոլոր պատնեշները և դուրս եկել ջրի մակերևույթ։

Ըստ պրոֆեսորի՝ առաջին պայթյունը, հավանաբար, տեղի է ունեցել հորատանցքի հարթակում տեղադրված շարժիչներում, որոնք գազի ներգործությունից սկսել են շատ արագ աշխատել։ Դրան հետևած հրդեհը հանգեցրել է նավթային խառնուրդի պայթյունի, որը դուրս է թափվել մեթանից հետո։

Նավթային հարթակի օպերատոր BP ընկերության ներկայացուցիչը, սակայն, հրաժարվել է հաստատել կամ հերքել Ռոբերտ Բիի առաջարկած տարբերակը՝ նշելով, որ որևէ եզրահանգում կարելի է անել միայն լիարժեք հետաքննության արդյունքում, որը դեռևս չի ավարտվել։