Գտել են Ռաֆայելի կորած կտավը. այն աչքի առջև էր, բայց ոչ ոք չէր տեսնում
Իտալական Մոդենա քաղաքում գտել են Ռաֆայելի կորած համարվող կտավը։ Երկար ժամանակ այն համարվում էր «Սուրբ ընտանիք» կտավի հիման վրա ստեղծված 19-րդ դարի գործ, որը հայտնի է նաև «Մարգարիտ» անվամբ։ Գիտնականները ժամանակակից տեխնիկայի օգնությամբ կարողացել են պարզել, որ նկարը պատկանում է Ռաֆայելի վրձնին։
Կտավում պատկերված է կնոջ գլուխ, ակնհայտ է, որ այդ աշխատանքը «Սուրբ ընտանիքի» առաջին էտյուդներից է։
Արվեստագետ Մարիո Սկալինին պատմում է, որ այդ գործը երկար ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրա ուշադրությունը գրավել է մի փոքրիկ կտավ, որը դրված էր ոսկեզօծ շրջանակի մեջ, ըստ երևույթին այն մարդը, որը նկարը տեղադրել է շրջանակի մեջ, ճանաչել է իսկական հեղինակին։
Նկարը 17-ից 19-րդ դարերում ենթարկվել է ռեստավրացիայի և միայն ժամանակակից տեխնոլոգիաներն են թույլ տվել բացահայտել իսկական հեղինակին։ Այժմ կտավը գնահատվում է 30 մլն եվրո։
«Սուրբ ընտանիք» կտավը սկսել էր Ռաֆայելը, սակայն 1520թ. վրա հասած մահը խանգարել էր նրան ավարտին հասցնել սկսած գործը։ Կտավն ավարտել է նրա տաղանդավոր աշակերտներից Ջուլիո Ռոմանոն։










