Աշոտյանը ֆելդշե՞ր կդառնար
Ազգային նոր պահպանողական շարժմանը զայրացրել են ՀՀ կառավարության` կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը: Շարժման նախագահ Էդգար Հելհելյանն այսօրվա ասուլիսին նաև անդրադարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քաղաքականությանը` կարծիք հայտնելով, որ նախարարի վրա «վերևներից» ճնշումներ են գործադրվում: «Եթե նախարարը տղամարդկային ձիրք չունի, թող հրաժարական տա»,- նշեց նա: Հելհելյանը նշեց, որ եթե նախարարի հետ ժամանակին վարվեին այնպես, ինչպես ինքն է այսօր վարվում ուսանողների հետ և զրկեին կրթություն ստանալու իրավունքից` զորակոչելով բանակ, Աշոտյանն ընդամենը ֆելդշեր կդառնար:
Անդրադառնալով ուսանողներին մտահոգող հարցերին` բանախոսը նշեց, որ ասպիրանտուրայում և մագիստրատուրայում պետպատվերով և տարկետման իրավունքով տեղերի 30-40 տոկոսով նվազեցումը կկրճատի ապագա գիտնականների թիվը»:
«Կրթության և գիտության նախարարությունը փորձում է պատճառաբանել, թե զորակոչի հետ կապված խնդիրներ կան բանակում: Եթե մատը ցավում է, ձեռքը չեն կտրում: Մեր հաշվարկներով` 500-600 մագիստրանտի և ասպիրանտի մասին է խոսքը, որոնք մի գումարտակ են կազմելու: Ես չեմ կարծում, որ մեր բանակն այդ մեկ գումարտակի կարիքն ունի: Դրա համար չարժե գլխատել գիտական համակագը: Մենք կրթվելու հնարավորությունից զրկում ենք միջուկային էներգետիկայի ոլորտի մեկ մասնագետի, որպեսզի բանակում ունենանք մեկ հրաձիգ: Սա աբսուրդային իրավիճակ է»,- նշեց Հելհելյանը:
Ազգային նոր պահպանողական շարժումը կարծում է, որ կառավարությունը սերունդներին հայեցի դաստիարակությունից զրկելու համար ամեն ինչ անում է:
Վարչապետի ներկայացրած ծրագիրը, ըստ որի` արտերկրի բուհերում ուսանել ցանկացողներին աջակցություն կցուցաբերվի, Հելհելյանը ճիշտ մշակված չի համարում: Ըստ նրա` չի խոսվում արտերկրում սովորած ուսանողների վերադարձի մեխանիզմների մասին: Իսկ գաղտնիք չէ, որ արտերկրում սովորած մարդը չի ցանկանա վերադառնալ և աշխատել Հայաստանում:
Անդրադառնալով ԿԳ նախարարության` դպրոցներում օտարալեզու կրթության ներդրման ծրագրին` Հելհելյանը դարձյալ մտահոգություն հայտնեց. «Լեզվամտածողությունը որոշում է սերունդների ճակատագիրը: Եթե երեխային փոքր տարիքից ռուսերենով հայոց պատմություն են դասավանդում, նրան կտրում են իր ակունքներից, նրա մտածողությունը դառնում է ռուսերեն: Պետք է օտար լեզուները խորացված ուսուցանելու այլ մեխանիզմներ ներդրվեն»:
Նա նշեց, որ ուսանողները չեն դադարեցնելու իրենց բողոքը. մայիսի 14-ին ԵՊՀ գլխավոր մուտքի մոտ համաուսանողական բողոքի ցույց է կազմակերպվելու` «Տվեք մեզ կրթվելու իրավունք» խորագրով:
Ազգային նոր պահպանողական շարժումն առաջիկայում վերոնշյալ հարցերի վերաբերյալ փաթեթ կներկայացնի ԿԳ նախարարին:










