Coca-Cola-ն այսուհետ «լցնովի» կլինի

09:17 • 12.05.10

Coca-Cola-ում հույս ունեն վաճառքի ծավալներն ավելացնել ոչ ալկոհոլային խմիչքների բարձրտեխնոլոգիական ապարատներով։ Այն կոչվում է Freestyle, դիզայնը մշակել են նույն մասնագետները, որոնք Ferrari-ի մրցարշավային մեքենաներ են «գծում»։

Ապարատից օգտվել հնարավոր կլինի սենսորային էկրանի միջոցով, այն 140 տեսակի ըմպելիք ընտրելու հնարավորություն կտա։ Ապարատի ներսում տեղադրված են լինելու արոմատիզատորներով սրվակներ։

Դրանց հստակ դոզավորումը ապահովվելու է դեղագործական քիմիաթերապիայում օգտագործվող տեխնոլոգիաների օգնությամբ։ Անլար կապի միջոցով ապարատն ընկերությանը տեղեկություններ է փոխանցելու այս կամ այն հաստատության հաճախորդների սովորույթների մասին, թե ինչ ժամերի ինչ ըմպելիքներ են նրանք նախընտրում։ Ապարատում օգտագործվող նորույթները պաշտպանված են հեղինակային 34 պատենտով։

Ավանդական ապարատներից Freestyle-ը տարբերվելու է նաև գնով։ Այն 30%-ով թանկ է լինելու, ինչն էլ շուկայում վերջինիս առաջմղման հիմնական խոչընդոտն է։ Coca-Cola-ում առայժմ չեն հրապարակում Freestyle-ի մշակման համար ծախսված գումարները։ 69 նման ապարատ այժմ փորձարկվում է ԱՄՆ-ի 53 սրճարաններում ու ռեստորաններում։ Մայիսին ընկերությունը նախատեսում է 500 այսպիսի ապարատ տեղադրել Նահանգներում։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում ընկերությունն այժմ ոչ ալկոհոկոլային խմիչների 525 հազ. «արդեն ավանդական» ապարատ ունի։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։