ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը աշնանը հանդես կգա համերգներով Համագործակցության մի շարք երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բաքվում, Աստանայում ու Աշխաբադում։ Այս մասին Փարիզում լրագրողներին ասել է նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, երկուշաբթի տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին։
Համերգն անցել է մեկ շնչով։ Հնչել են «Շինդլերի ցուցակը» ֆիլմի երաժշտությունից մինչև հանրահայտ «День Победы» երգը, որի հեղինակը հայազգի Դավիթ Թուխմանովն է։










