Քննական կենտրոն բջջային հեռախոսով մտնելն արգելվում է

14:52 • 12.05.10

Համաձայն բուհ ընդունվելու նոր կանոնների՝ այս տարվանից շրջանավարտներին արգելվում է մտնել քննական կենտրոն բջջային հեռախոսներով։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը։ «Այս անգամ խստացրել ենք շրջանավարտ–դիմորդի՝ քննության ընթացքում վարքի կանոնները»,– ասաց նա։

Նախկինում, անկախ այն բանից, թե ինչ խախտում էր թույլ տվել շրջանավարտը, նրան նախապես զգուշացնում էին, արձանագրում էին խախտումը, և հեռացնում նրան քննասենյակից երկրորդ զգուշացումից հետո։ Իսկ հիմա, ըստ Նասիբյանի, կան այնպիսի խախտումներ, որոնց դեպքում քննություն հանձնողներն անմիջապես կհեռացվեն սենյակից և կստանան անբավարար գնահատական։

Այդ խախտումների թվում բաժնի պետը նշեց բջջային հեռախոսից օգտվելը։ Հարկ է նշել, որ այդ հարցում չեն օգնում անգամ քննասենյակներում տեղադրված խլացուցիչ սարքերը. շրջանավարտները հնարավորություն ունեն դիմել հեռախոսի օգնությանը՝ դուրս գալով այդ սենյակներից։

«Արգելված է բջջային հեռախոսով ընդհանրապես քննական կենտրոն մտնելը, և այս անգամ եթե շրջանավարտի ձեռքում կամ գրպանում լինի բջջային հեռախոս, նա կհեռացվի սենյակից», – եզրափակեց նա։