Կաչինսկու օդանավը կարող էր վթարի ենթարկվել բջջային հեռախոսների պատճառով

17:05 • 12.05.10

Լեհական դատախազությունը դիտարկում է Սմոլենսկ քաղաքի մոտ տեղի ունեցած «Տու-154» ինքնաթիռի վթարի պատճառի նոր վարկած։ Լեհաստանի գլխավոր դատախազ Անժե Սերեմետը Rzeczpospolita թերթին փոխանցել է, որ թռիչքի վերջին րոպեներին ուղևորների մեծ մասը միացրել են իրենց բջջային հեռախոսները, խոսել և հաղորդագրություններ ուղարկել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել։

Հետաքննությունը փորձում է պարզել՝ արդյոք դա չի՞ ազդել օդանավի կառավաարման համակարգի վրա։ Այդ նպատակով ուսումնասիրվում են ուղևորների բջջային հեռախոսներն ու նոթբուքերը։ Դրանցում եղած ձայնագրությունները կարող են կարևոր լինել հետաքննության համար։

Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ի առավոտյան, ինչի հետևանքով զոհվել էր ամբողջ լեհական պաշտոնական պատվիրակությունը՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ։