Ոստիկանական ակադեմիայի շրջանավարտները դուրս չեն մնա բուհ ընդունվելու գործընթացից

17:20 • 12.05.10

Ոստիկանական ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ծնողները դիմել են Գնահատման և թեստավորման կենտրոնին (ԳԹԿ)` խնդրելով ընձեռել իրենց հնարավորություն մասնակցելու միասնական քննություններին։ Ինչպես նշեց այսօրվա ասուլիսին ԳԹԿ–ի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը, այս տարվա շրջանավարտներն ուշացել են քննություններին մասնակցելու հայտագրման ժամկետից։ Հիշեցնենք, որ դիմում–հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել է ապրիլի 10–ին։

«Մենք այլևս դիմում–հայտ չենք կարող ընդունել։ Լինի դա Ոստիկանական ակադեմիայի դիմորդ, թե այլ ուսումնական հաստատության դիմորդ, որը չի ցանկացել մասնակցել առաջին փուլին, կամ մտափոխվել է, և այժմ ցանկանում է մասնակցել լրացուցիչ փուլին, մեզ համար տարբերություն չկա», – ասաց նա։

Ըստ Նասիբյանի՝ նմանատիպ շրջանավարտները կմասնակցեն քննությունների լրացուցիչ փուլին, որը տեղի կունենա հուլիսին։ Իսկ քննություններին մասնակցելու հայտագրումը կտևի հունիսի 24–ից մինչև հուլիսի 1–ը։

Բաժնի պետը հավելեց, որ այդ շրջանավարտները մայիսի 5–ից մինչև հունիսի 1–ը պետք է հանձնեն իրենց գործերը համապատասխան բուհ։