Թեհրանի ցուցահանդեսի այցելուները հետաքրքրվում են Հայոց ցեղասպանության թեմայով
Մայիսի 5-15-ը Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4 միլիոնը:
Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար այցելողների թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է:
Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և Բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ, այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց ցեղասպանության թեմայով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև մայիսի 15-ը:










