Google-ը սեփական iPad-ը կունենա
Ամերիկյան բջջային Verizon Wireless օպերատորն ու Google Inc-ը համատեղ պլանշետ համակարգիչ են մշակում, որը մրցակցելու է Apple-ի iPad-ի հետ։ Նախագծի մասին շատ բան հայտնի չէ, Verizon-ի նախագահ Լոուել Մակադամը վերջերս հայտարարում էր, թե ընկերությունները փորձելու են մեկ սարքում համատեղել ռիդերներն ու մինի համակարգիչները։
Որպես գործավար համակարգ օգտագործվելու է Google-յան արտադրության Android-ը։
Նոր սարքի արտադրության մեկնարկի ժամկետները նույնպես հայտնի չեն, չի բացառվում, որ այն շուկայում հայտնվի մինչև ընթացիկ տարեվերջ։
Apple ընկերությունը, որը պլանշետային շուկայի անխոս առաջատարն է, ԱՄՆ-ում առաջին 28 օրվա ընթացքում շուրջ 1 մլն iPad է վաճառել, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան iPhone-ի վաճառքի ծավալները՝ դրա թողարկումից հետո։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ից Apple-ը սկսել է iPad 3G նոր մոդելի վաճառքները։ Ի դեպ, ամերիկյան բջջային շուկայում Apple-ը հեռախոսների վաճառքով առաջ է անցել Motorola-ից։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Apple-ն ԱՄՆ-ում վաճառել է 8,8 մլն բջջային, Motorola-ն՝ 8,5 մլն։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










