«Ժառանգությունը» կառավարությունից պահանջում է բարելավել կրթության որակը
Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել միայն ոչ պետական և սահմանափակ թվով ավագ դպրոցներ, որտեղ հայագիտական առարկաները` հայոց լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի քաղաքացիների համար կլինեն պարտադիր, և կապահովվի պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն ու քննություն: Սա է «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը Հայաստանում օտարալեզու դպրոցների կարգավիճակի վերաբերյալ։
«Ընդունելով, որ ժամանակակից աշխարհում մրցունակ կրթություն, գիտատեխնիկական առաջընթաց ապահովող պայման է օտար լեզուների իմացությունը, միաժամանակ գտնում ենք, որ «Հանրակրթության մասին» գործող օրենքը պետական ավագ դպրոցներին արդեն ընձեռում է օտար լեզուների խորացված ուսուցում կազմակերպելու հնարավորություն` ուսումնական պլանի ժամաքանակի 70%-ը տալով ընտրովի առարկաներին»,- նշվում է «Ժառանգության» հայտարարությունում:
«Ժառանգությունը» շարունակում է կառավարությունից պահանջել.
1. բարձրացնել ազգային լեզվով դասավանդման որակը ու մայրենիի մակարդակը, ինչը օտար լեզուներին տիրապետելու լավագույն երաշխիքներից է,
2. ապաքաղաքականացնել և ապակենտրոնացնել դպրոցների կառավարումը,
3. բարձրացնել մանկավարժական կադրերի պատրաստման որակը,
4. վերանայել դասագրքերի ստեղծման գործող կարգը, բովանդակությունը,
5. hանրապետության` մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր բուհերից պահանջել վերանայել իրենց գործունեությունն ու այն համապատասխանեցնել հանրակրթության որակի բարձրացումն ապահովող ժամանակակից պահանջներին և խստորեն վերահսկել այդ գործընթացը,
6. hանրապետությունում արգելել 2-3 տարի տևողությամբ միջին մասնագիտական կրթության հիման վրա մանկավարժի որակավորում տալու պրակտիկան:










