Լիզ Թեյլորին վաճառեցին 12,6 մլն–ով
Sotheby's աճուրդում վաճառվել է Էնդի Ուորհոլի ամենապաշտամունքային գործերից մեկը` «Լիզը», որը փոփ արտի հայրն ստեղծել է 1963թ.։ Աշխատանքում պատկերված է Հոլիվուդի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհու համարումն ունեցող Էլիզաբեթ Թեյլորը։ Թեյլորը վերջերս կրկին քննարկումների առարկա դարձավ` իր հերթական ամուսնության առիթով։
Ժամանակին հենց այս կարգի աշխատանքներն էին սնում Թեյլորի գեղեցկության մասին միֆերը` ավելացնելով չքնաղ Լիզի երկրպագուների բանակը։ Իսկ դրա արդյունքն այն է, որ ինքը` Լիզը, վաղուց կորցրել է իր ամուսինների հաշիվը։ Եվ դրա պատճառը ոչ միայն ծերունական սկլերոզն է։
Ճիշտ է՝ «Լիզը» չի փոխանցում Էլիզաբեթի մանուշակագույն աչքերի ամբողջ հմայքը, բայց փառքն անում է իր գործը։ Թեյլորի երկրպագուն «Լիզի» գեղեցկությունը սեփական հարկի տակ վայելելու հաճույքի համար վճարել է 12,6 մլն դոլար։ Ի դեպ, նա, ինչպես և Թեյլորը, անգլիացի է։ Աճուրդի փորձագետները աշխատանքը գնահատել էին 6-12 մլն դոլար։










