Ասպիրանտուրա, թե բանակ. ո՞րն է կարևոր

14:07 • 15.05.10

«Կան մարդիկ, որ ասպիրանտուրա են գնում՝ բանակից խուսափելու համար, բայց այդ մարդիկ շատ չեն»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նոր ձևավորված «Ուսման իրավունք» երիտասարդական շարժման անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ասպիրանտուրայում տարկետման իրավունքով անվճար ուսման տեղերը կրճատելու մասին ՀՀ կառավարության որոշմանը։

Շարժման ներկայացուցչի խոսքով՝ գիտությամբ զբաղվելու հնարավորությունը կարևոր է, հատկապես, որ վերջին տարիներին, ըստ Իոաննիսյանի, ֆիզիկայի բնագավառում հայերի գիտական աշխատանքներին աշխարհում ավելի հաճախ է հղում արվում, քան հարևան 4 պետությունների գիտնականների աշխատանքներին։

«Տղամարդը պետք է ծառայի»,– իր կարծիքը հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության Երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը։ Ըստ նրա՝ բանակում ծառայելու պատրաստակամությունը պետք է սկզբունք լինի։ Միևնույն ժամանակ, Էնֆիաջյանի խոսքով, գիտությունն ու կրթությունն էլ խիստ կարևոր են։

«Բայց նույն կերպ չեմ կարող ասել, որ երիտասարդությունը չպետք է կրթություն ստացած լինի»,– ասաց պատգամավորը՝ բերելով սեփական օրինակը. նա և՛ ծառայել է, և՛ այժմ զբաղվում է գիտական աշխատանքով։