Հեռուստատեսության թվայնացումը յուրաքանչյուր ընտանիքին կարժենա առնվազն 15–30 դոլար
Ազգային ժողովն այսօր սկսել է քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Խոսքը հեռուստատեսության թվայնացման մասին է։ Իսկ համակարգի կիրառումից հետո գործող 22 հեռուստաընկերություններից եթերում կմնան 18–ը։ Կթվայնացվեն երեք հաճախականություններ, որոնցից յուրաքանչյուրով հնարավոր կլինի հեռարձակել վեց հեռուստաալիք։
Հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացն սկսելու է հուլիսի 1–ից, և ավարտվելու է 2011թ. հունվարի 31–ին։ Ամբողջ հեռուստաոլորտի թվայնացման համար կառավարությունը նախատեսել է 10–12 մլն դրամ, այդ թվում՝ փոխհատուցում սոցիալապես անապահով խավի համար։ Որպեսզի թվայնացված հաճախականությունները հեռարձակվեն հեռուստացույցով, անհրաժեշտ կլինի հատուկ սարք՝ մոտավորապես 15–30 դոլար արժողությամբ։
Կառավարությունը նախատեսել է սոցիալապես անապահովներին այդ սարքով ապահովել պետբյուջեի գումարներով։ Նախատեսվում է թվայնացման գործընթացն ամբողջությամբ ավարտել 2015թ.։ Ի դեպ, կառավարությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողով է ներկայացրել որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց, ինչի արդյունքում Ազգային ժողովի գլխադասային Կրթության և գիտության հանձնաժողովը չի հասցրել նախագիծը քննարկել քառօրյայի օրակարգ ընդգրկելուց առաջ։










