Երիտասարդ աստղագետները կհավաքվեն Բյուրականում

19:12 • 19.05.10

Երիտասարդ աստղաֆիզիկոսների 3–րդ միջազգային դպրոցն այս տարի կանցկացվի Բյուրականում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 2–ը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Այս տարի դպրոցը թերևս իր մասնակիցների թվով և աշխարհագրությամբ ամենահարուստն է»,– ասաց նա՝ նշելով, որ այս տարի դպրոցը կտևի երեք շաբաթ նախկին 10–12 օրվա փոխարեն։

Բացի դրանից, այս տարի արձանագրվել է դիմումների աննախադեպ քանակ։ Սակայն աստղադիտարանը կարող է ընդունել 30 հոգու, որոնք արդեն ընտրվել են։

Տնօրենը տեղեկացրեց, որ մասնակիցների թվում են աստղաֆիզիկոսներ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ Իսկ դասախոսություններով և զեկույցներով հանդես կգան դասախոսներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ–ից, հյուրերի շարքում է նաև Միջազգային աստղադիտական միության նախագահը։

Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, աջակցության հարցով աստղադիտարան արդեն դիմել է Գիտության պետական կոմիտեին և Գիտության ազգային ակադեմիային։ «Ամբողջ աշխարհում նմանատիպ միջոցառումները ֆինանսավորվում են նաև մասնավոր հատվածի կողմից» – ասաց տնօրենը՝ հորդորելով հայ ձեռներեցներին աստղագիտությանը ցուցաբերել օժանդակություն։

Հիշեցնենք, որ Երիտասարդ աստղաֆիզիկոսների միջազգային դպրոցը անցկացվում է երկու տարի մեկ անգամ՝ Միջազգային աստղադիտական միության հետ համատեղ։