ՀՅԴ–ն անվճար բուհական ուսուցման հնարավորություն ընձեռող օրինագիծ է ներկայացրել
ՀՅ Դաշնակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը «Կրթության մասին», «Հետբուհական կրթության մասին» և «Միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով է հանդես եկել։
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը Ռուզան Առաքելյանը տեղեկացրեց, որ իր առաջարկած փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն է ստացել կառավարությունում, ինչպես նաև խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում, և այսօր նախագիծն ընդգրկված է ԱԺ քառօրյայի օրակարգում։
Նախագծով Ռուզան Առաքելյանն առաջարկում է բարձր լեռնային գոտիներում և սահմանամերձ բնակավայրերում վերջին տասը տարում մշտապես բնակվող երեխաների համար ուսումը դարձնել անվճար։ Ըստ նախագծի, յուրաքանչյուր մարզ ինքը պետք է գործուղի իր տարածքում ապրողներին՝ ուսանելու Երևանում։ Նրանցից, ըստ Առաքելյանի, անվճար ուսուցման տեղը պետք է ստանա այն անձը, որը քննություններն ավելի լավ կհանձնի։
Ի դեպ, տվյալ ուսանողի հետ պետք է պայմանագիր կնքվի այն մասին, որ ուսման ավարտից հետո նա պետք է վերադառնա իր բնակավայր և 5 տարի աշխատի այնտեղ։ Պայմանագրի կետերը խախտելու դեպքում տվյալ անձը պետք է փոխհատուցի պետության կողմից իր վրա ծախսված գումարը, այսինքն՝ պետք է վճարի ամբողջ տարիների ուսման վարձը։
Սահմանամերձ բնակավայրերում, բարձր լեռնային գոտիներում արտագաղթի պատճառներից մեկն էլ, ըստ ՀՅԴ–ական պատգամավորի, երեխաներին կրթելու հնարավորություն չունենալն է, ուստի՝ պատգամավորը համոզված է, որ առաջարկված փոփոխությունները ինչ–որ առումով կնպաստեն հիշյալ բնակավայրերում արտագաղթի նվազեցմանն ու կլուծեն նաև զբաղվածության խնդիր։
Իր անձնական ուսումնասիրությունների արդյունքում Ռուզան Առաքելյանը պարզել է, որ հիշյալ բնակավայրերում մասնագետների պակաս կա, հատկապես ուսուցիչների և բժիշկների կարիք կա։










