Android-ն ավելի տարածված է, քան Windows Mobile-ը

19:09 • 19.05.10

Ամերիկյան Google-ի կողմից ստեղծված Android-ը 2010թ. առաջին եռամսյակում տարածվածությամբ չորրորդ գործավար համակարգն է, որը կիրառվում է սմարտֆոններում։ Gartner հետազոտական ընկերության տվյալներով՝ Android-ն առաջին անգամ շուկայի այս հատվածում գերազանցել է Microsoft-ի կողմից թողարկվող Windows Mobile-ին։ Այժմ աշխարհում օգտագործվող սմարտֆոնների մոտ 10%-ն աշխատում է Android-ով։

Շուկայում առաջվա պես գերիշխող դիրքերում է Symbian-ը (Nokia), որին հաջորդում են Research in Motion-ի ու Apple-ի գործավար համակարգերը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Android-ի նման ժողովրդականությունն առաջին հերթին պայմանավորված է ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին սմարտֆոնների վաճառքի 49%-ով աճով։ Ինչ վերաբերում է բջջային հեռախոսների շուկային, ապա ցուցանիշը նույն ժամանակահատվածում աճել է 17%-ով։ Gartner-ում նշում են, որ սմարտֆոնների վաճառքներն ամենաբարձր մակարդակներում են 2006-ից ի վեր։