Մարտահրավեր Google-ին. Թողարկվել է yandex.com
Ինտերնետ որոնման ռուսական Yandex համակարգը թողարկել է yandex.com կայքը, որում հայտնվելու են որոնման միայն «օտարերկրյա» արդյունքները։ Նոր ծառայությունը կարող է հետաքրքրել այն օգտատերերին, որոնք կցանկանան որոնման արդյունքներից բացառել ռուսական կայքերը։ Այս նպատակի համար, մինչև վերջերս, Ռունետի օգտվողներն առավելապես Google էին օգտագործում։
Yandex–ի նոր ծառայությունից կարելի է օգտվել երկու ձևով. կա'մ լատինատառ հարցում կատարել yandex.ru-ում և ընտրել համապատասխան ֆիլտրը, կա'մ էլ որոնել հատուկ այս նպատակի համար ստեղծված yandex.com-ում։
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Yandex–ն արդեն ինդեքսավորում էր օտարերկրյա կայքերն ու որոնման արդյունքներում ինտեգրում նաև դրանք։ Համակարգում լատինատառ հարցումների մասնաբաժինը 12-15% է։ Սակայն այդ հարցումներից շատերը կրկին Ռունետի կայքերի համար են, օրինակ՝ արտասահմանյան արտադրության մեքենաների կամ տեխնիկայի անվանումներ։ Այս դեպքերի համար Yandex–ն առաջարկում էր շարունակել որոնումը կա՛մ օտարերկրյա, կա՛մ ռուսական կայքերում։
«Յանդեքսն» առայժմ լատինատառ 4 մլրդ կայքէջ է ինդեքսավորել։ Դրանց հիմնական մասն անգլերեն է։
LiveInternet-ի տվյալներով՝ Ռուսաստանում օգտագործվող որոնման համակարգերում Yandex–ի մասնաբաժինը 2010թ. ապրիլին կազմել է 63,6%։Վերջին մեկ տարվա ընթացքում Yandex–ի այս ցուցանիշն աճել է գրեթե ամեն ամիս։ 2009թ. ապրիլին այն ընդամենը 56,9% էր։ Yandex–ի հիմնական մրցակիցը Ռունետում ամերիկյան Google-ն է , որի հարցման ցուցանիշը, ընդհակառակը, նվազում է՝ 2009թ. ապրիլի 23,1%-ից այն մեկ տարի անց նվազել է մինչև 21,8%։
Yandex.com-ը կարող է Google-ին զրկել այն առավելությունից, որը գրավում էր ռուս օգտագործողներին։ Մինչև այս ռուսները համաշխարհային ցանցում նախընտրում էին որոնել վերջինիս օգնությամբ։ comScore-ի տվյալներով՝ 2009թ. Yandex–ը որոնողական հարցումների քանակով աշխարհի առաջատար տասնյակի 7-րդ հորիզոնականում էր։ Առաջին եռյակում Google-ն է, Yahoo!-ն ու Baidu-ն։










