Առջևում «Ոսկե ծիրանն» է՝ լի անակնկալներով
Այսօր կայացավ միջազգային 7–րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարության ասուլիսը, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեցին փառատոնի ծրագրերը։ Ինչպես նշեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ամեն ինչ սկսվում է այսօր։ Ըստ նրա՝ անակնկալներն արդեն պատրաստ են։
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց ծրագրերը։ Այսպիսով, այս տարի փառատոնը լի է լինելու հոբելյաններով. կնշվեն կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75, դերասան Արմեն Ջիգարխանյանի 75–ամյա հոբելյանները։
Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակում կնշվի նաև սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյանի 50–ամյակը։ Էգոյանի տարեդարձը կնշվի Երևանում նրա մասնակցությամբ։
Հարուստ ֆիլմացանկ կունենա փառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը. կցուցադրվեն Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր՝ «Փոխայց» ֆիլմերը։ Նույն ծրագրով Երևանում կցուցադրվեն երկու թուրք ռեժիսորների գործերը՝ Սեմիհ Կապլանօղլուի «Մեղրը» և Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոցը»։
Հիշեցնենք, որ այս տարի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11–18–ը։










