Շուկայից կանհետանան բոլոր ապօրինի ձայներիզներն ու տեսաերիզները...եթե ընդունվի օրենքը

16:13 • 20.05.10

Հայաստանում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքն առաջին անգամ ընդունվել է 1996թ., և չնայած այս ոլորտի օրենսդրությունը բավական լավն է, այնուամենայնիվ, անօրինականությունները չափազանց շատ են։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ հեղինակային իրավունքի բնագավառի կարգավորման համար բավական արդյունավետ օրինագիծ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը։

Պատգամավորի ներկայացրած Դրոշմապիտակավորման մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, և հիմա շարունակվում է քննարկվել Ազգային ժողովում։ Ինչպես ներկայացրեց ՀԿ ղեկավարը, նախագծով առաջարկվում է դրոշմապիտակների ինստիտուտն ուժեղացնել, որի արդյունքում շուկայից կանհետանա անօրինական արտադրված արվեստի ցանկացած գործ՝ այդ թվում ապօրինաբար արտադրված և վաճառքի հանված ձայներիզներն ու տեսաերիզները։

«Եթե մտնում եք խանութ և տեսնում, որ օրինակ CD-ի կամ DVD–ի վրա չկա դրոշմապիտակ, արդեն հասկանալի է, որ դա անօրինական ապրանք է»,– ասաց Սուսաննա Ներսիսյանը։

Նա համոզված է, որ նոր նախագծի ընդունմամբ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, քանի որ մեր հասարակությունը «ճկուն միտք ունի», սակայն իրավիճակը կտրուկ կփոխվի։