Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Օսմանագիտություն» մասնագիտությամբ հայ երիտասարդներին կրթաթոշակ կտրամադրվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Նախարարը նշել է, որ կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ կրթության նախարարի հետ կայացած հանդիպումն անցել է արդյունավետ և այսօր արդեն տվել իր պտուղները, մասնավորապես, նախարարն անդրադարձել է Սանկտ-Պետեբուրգի համալսարանում «Օսմանագիտություն» մասնագիտությամբ հայ երիտասարդներին կրթաթոշակ տրամադրելու փաստին` նշելով, որ տվյալ բուհը հանդիսանում է արևելագիտության ուսուցման միջազգային կենտրոններից մեկը:
Նախրարը երախտագիտություն է հայտնել ՀՀ կրթական ոլորտում ռուսական կողմի կատարած ներդրումների կապակցությամբ:
Անդրադառնալով միջպետական համաձայնագրով նախատեսված ՌԴ կողմից տրամադրվող կրթաթոշակների խնդրին՝ նախարարը նշել է, որ այս տարի ևս դրանց մի մասը թափուր է մնացել և ընդգծել ստեղծված իրավիճակի երկու հիմնական պատճառ. խոսքը, մասնավորապես, վերաբերում է մասնագիտությունների ընտրության և բուհերի աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրներին: Այս համատեքստում նախարարն առաջարկել է մասնագիտությունների ցանկը հաստատելուց առաջ դրանք քննարկել նաև հայկական կողմի հետ` դրանք Հայաստանի կրթական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Քննարկվել է նաև թափուր մնացած տեղերն այլ ուղղությամբ օգտագործելու խնդիրը:
Դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը նախատեսում է ավելացնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին տրամադրվող բյուջետային հատկացումները, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի համալրման, լաբորատոր սարքավորումների մատակարարման տեսանկյունից:
Հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ռուսական համատեղ հանձնաժողով ձևավորելու խնդիրը` ՀՀ տարածքում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը գնահատելու նպատակով:
Անդրադառնալով Գյումրու թիվ 23 դպրոցի խնդրին՝ նախարարը նշել է, որ օրեր առաջ հանդիպել է դպրոցի մանկավարժական և ծնողական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել` ներկայացված առաջարկները քննարկել ռուսական կողմի և մարզի ղեկավարության հետ: Նախարարը դեսպանին փոխանցել է կոլեկտիվի խնդրանքը` ևս մեկ տարով հետաձգել գործընթացը` մինչ Գյումրիի «Մուշ» միկրոշրջանում նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտը: Դեսպանը ներկայացրել է հարցի լուծման այլ տարբերակներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել Շիրակի մարզի ղեկավարության հետ:










