Արամ Հարությունյանը ԵԱՀԿ դեսպանի հետ քննարկել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցը
Մայիսի 20-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսին:
Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա վիճակը և հետագայում նախատեսվող ծրագրերը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է առկա իրավիճակը, ինչի համար հատկացվել է 31.650 հազ. դրամ, որից` 27 212 հազար դրամ նախարարության ենթակայությամբ իրականացվելիք ծրագրերից, իսկ 4438 հազար դրամը` ՀՀ կառավարություն պահուստային ֆոնդից:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում և շուտով ամբողջ մակերեսը ծածկված կլինի հողաշերտով և ռուբիրոիդով, ինչից հետո 50սմ հաստությամբ կավահողով կծածկվի և սեղմում կիրականացվի: Այս բոլոր գործողությունները կանխարգելող և ժամանակավոր են, քանի որ այս խնդրի վերջնական լուծումը անվտանգ եղանակով ոչնչացնելն է:
Սերգեյ Կապինոսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու թունաքիմիկատների անվտանգ ոչնչացան համար՝ նշելով, որ անհրաժեշտ է հրավիրել փորձագետներ, որոնք կորոշեն, թե ինչ եղանակով կարելի է այդ գործողությունը կատարել` անվտանգ ոչնչացնել տեղում, թե տեղափոխել այլ երկիր:
Ըստ դեսպանի՝ պետք է ճշգրտել գերեզմանոցի ամբողջական տարածքը, թունաքիմիկատների քանակը, ինչպես նաև լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրություններ կատարել շրջակա միջավայրից` օդից, ջրից և հողից: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։










