Անրի Վեռնոյի «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրանը»

16:19 • 20.05.10

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատոնը։ Այս մասին այսօրվա սուլիսին ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։ «Կարծում եմ, որ փառատոնը կսկսենք այդ ֆիլմով, որը ռեժիսորի ամենասիրված ֆիլմերից է», – ասաց նա։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում Երևան կայցելեն «Մայրիկ» ֆիլմի դերասանները, նաև Վեռնոյի որդին, որը նույնպես ռեժիսոր է։ Ինչ վերաբերում է փառատոնի փակման ֆիլմին, այն դեռ ընտրված չէ։ Ըստ Խաչատրյանի, այս տարի «Ոսկե ծիրանին» ներկայացված են մի քանի հայտնի ռեժիսորների ֆիլմեր, որոնք արժանի են փակել փառատոնը։

Իր հերթին, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» ստացել է շուրջ 500 հայտ աշխարհի 70 երկրներից։ Առաջին անգամ մասնակցության հայտեր են ներկայացվել Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն։