Google-ն ինտերնետային խանութ է ստեղծում

09:23 • 21.05.10

Google ընկերությունում հայտարարել են Chrome Web Store ինտերնետային խանութ ստեղծելու մտադրության մասին։ Այն ինտերնետ օգտվողներին տարբեր տեսակի հավելվածներ, խաղեր, վարկանիշներ է առաջարկելու։ «Ինտերնետում բազմաթիվ ծրագրային հավելվածներ կան, որոնք հասանելի չեն մեկ աղբյուրից»,- որոշումը մեկնաբանել են ընկերությունում։

Google-ում պնդում են, որ Chrome Web Store-ը բաց շուկայական հարթակ է լինելու, որը թույլ է տալու ինտերնետում գտնել լավագույն հավելվածները, իսկ ծրագրային ապահովում մշակողներին օգնելու է նոր հաճախորդներ ներգրավել։

Ինչպես և Apple-ին պատկանող AppStore-ի դեպքում, բովանդակության ու հավելվածների մի մասն անվճար է լինելու։ Որոշների ներբեռնման համար էլ հաճախորդները ստիպված են լինելու գումարներ թողնել Chrome Web Store-ում։ Google-ում առայժմ չեն հստակեցնում, թե երբ է թողարկվելու խանութը, թեև պնդում են, որ Google Chrome բրաուզերի մոտ 70 մլն օգտվողներ հնարավորություն կունենան մինչև տարեվերջ օգտվել այս ծառայությունից։

Chrome Web Store-ի մասին նորությունը վերլուծաբանները «սենսացիոն» չեն համարում, շուկայում բավարար քանակով այլ առաջարկներ կան, որտեղ կարելի է տարբեր տեսակի հավելվածներ ձեռք բերել։ Այլ հարց է, որ Chrome-ի 70 մլն օգտվողները հիանալի հնարավորություն են ստեղծում ծրագրային ապահովում մշակողներին սեփական արտադրանքը շուկայում առաջ մղելու համար, իսկ Google-ը իր բրաուզերը մոնետիզացնելու լրացուցիչ հնարավորություն է ստանում։

Վերլուծաբանների կարծիքով՝ Chrome Web Store-ը ոչ միայն թույլ կտա ավելացնել Chrome-ից օգտվողների քանակը, այլև ամրապնդել «հնաբնակների» լոյալությունը։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։