Վաղը Երևանում համերգ կտա Deep Purple-ը

18:59 • 24.05.10

Վաղը՝ մայիսի 25-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա լեգենդար Deep Purple ռոք խմբի երկար սպասված համերգը։ Համերգի նախօրեին երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ։

Դահլիճում, որտեղ նախատեսված էր մամուլի ասուլիսը, հավաքվել էին խմբի բազմաթիվ երկրպագուներ։ Երաժիշտներին դիմավորեցին ջերմ ծափողջույններով, «Ես քեզ սիրում եմ, Յան Գիլան, ես քեզ սիրում եմ, Յան Պեյս» բացականչություններով։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս են երաժիշտները գնահատում իրենց ներդրումը համաշխարհային ռոք մշակույթում, խմբի մենակատարն ասաց. «Դժվար է գնահատել նման ներդրումը։ Կարծում եմ՝ այդ մասին ուրիշները պետք է դատեն, ոչ մենք»։ Նա հիշեց, որ երբ առաջին անգամ եկավ խումբ, հասկացավ, որ սա բոլորովին ուրիշ խումբ է. «Իհարկե, մենք չենք սկսել մեծ բումով, բայց շեշտը դնում էինք երաժշտական տարբեր ոճերի միաձուլման վրա»։

Այն հարցին, թե արդյոք վա՞ղն էլ է սպասվում բում, Գիլանը վստահորեն ասաց ՝ «Համոզված եղեք»։

Վոկալիստը նշեց նաև, որ 20 տարի առաջ, երբ խումբն առաջին անգամ այցելել էր Հայաստան, իրենց համերգը կրկին մարզահամերգային համալիրում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում Queen, Pink Fioyd, The Who, Deep Purplе, Black Sabbath, Iron Maiden խմբերի երաժիշտները միասին ձայնագրել են Deep Purplе-ի Smoke on the Water երգը։ Հասույթը փոխանցվել էր երկրաշարժից տուժած Հայաստանին։