Նյարդային աշխատանքը մեծացնում է ասթմայի զարգացման ռիսկը
Նյարդային աշխատանքը 40 տոկոսով մեծացնում է ասթմայի զարգացման ռիսկը։ Նրանց համար, ովքեր չեն կարողանում իրենց տագնապներն ու խնդիրները թողնել գրասենյակի ներսում, նույնպես նման վտանգ գոյություն ունի։ Ըստ The Daily Mail-ի՝ նման արդյունքներ են արձանագրվել Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանում անցկացված հետազոտության հիման վրա։
Գիտնականների խումբը 8 տարվա ընթացքում հետազոտել է 40-65 տարեկան 5000 տղամարդու և կնոջ։ Հետազոտության սկզբում (90-ականների կեսերին) յուրաքանչյուր մասնակցից վերցրել են առողջության, կենսակերպի մասին տվյալներ։ Մասնավորապես, գիտնականներին հետաքրքրել է ասթմայի առկայության կամ բացակայության և աշխատանքի սթրեսային լինելու հանգամանքը։ Ութ տարի անց գիտնականները կրկնել են ստուգումը։
Նախագծի սկզբում ասթմայով չտառապող մարդկանց շրջանում 8 տարի անց 40 տոկոսով ավելի հաճախ էր հանդիպում այդ հիվանդությունը։ Ընդ որում, այդ անձինք բողոքում էին աշխատանքային ժամերից, խիստ գրաֆիկից և աշխատանքի անհարմար պայմաններից։ Նրանք նաև հաճախ էին նշում նյարդային հյուծվածությունը և աշխատանքից հետո հանգստանալու հնարավորության բացակայությունը։
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսը կարող է հանգեցնել քիմիական միացությունների արտանետման, որոնք առաջացնում են ալերգիա և բացասաբար անդրադառնալ շնչառական ուղիների վրա։ Ըստ գիտնականների՝ սա խոսում է այն մասին, որ սթրեսը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա, հանգեցնում է տարբեր հիվանդությունների, ներառյալ՝ ասթմայի զարգացման։










