Ցուկերբերգը փորձում է փրկել Facebook–ի հեղինակությունը

15:35 • 25.05.10

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը The Washington Post պարբերականում բաց նամակ է հրապարակել, որում հայտնել է մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցում կոնֆիդենցիալության կարգավորման գործընթացը հեշտացնելու ծրագրերի մասին։

Ցուկերբերգը նաև վստահեցրել է, որ օգտատերերի անձնական տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում այլ անձանց կամ Facebook –ի գովազդային գործընկերներին։ Նա նաև ավելացրել է, որ ցանցն օգտատերերի համար կշարունակի մնալ անվճար ծառայություն։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցի հասցեին վերջին շրջանում սուր քննադատություն է հնչում. Facebook–ին մեղադրում են օգտատերերի անձնական տվյալների հետ անփութորեն վարվելու համար։

Նաև լուրեր էին պտտվում, թե Facebook-ը գովազդատուներին է տրամադրում օգտատերերի մասին գաղտնի տեղեկատվություն։

Հարկ է նշել, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցերից է. դրա լսարանը գերազանցում է 400 մլն–ը։