Հայաստանյան մրցույթի մասնակիցները կստեղծեն ական փնտրող ռոբոտներ

11:53 • 25.05.10


Մայիսի 28-ին, ժամը 17:00-ին, Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին կուղարկեն վերջիններիս դասավորության քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա՝ ռոբոտը պայթե՞լ է, թե՞ ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր (չափերը 30×30սմ, քաշը 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:

Մրցույթին մասնակցելու են 15 թիմ։ Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած և պատրաստած ռոբոտները և ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ փուլի ընթացքում: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300.000 դրամ, երկրորդը` 200.000, իսկ երրորդը` 100.000 դրամ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը (ArmRobotics), որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: