2010թ. Եվրոպայի լավագույն թանգարանը Ozeaneum-ն է
Գերմանական ծովափնյա Շտրալզունդ քաղաքի Ozeaneum թանգարան-ակվարիումը ստացել է «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակը։ Ինչպես հայտնում է Artdaily.org-ը, այս մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին ֆիննական Տամպերե քաղաքում անցկացված Եվրոպական թանգարանային գիտաժողովի շրջանակում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ։
Ozeaneum թանգարանը, որը բացվել է 2008թ. հուլիսին, Գերմանական օվկիանոսագիտության թանգարանային համալիրի մաս է կազմում։
Ozeaneum-ը բաղկացած է ակվարիումներով հինգ ցուցահանդեսային հրապարակներից, որոնք այցելուներին ներկայացնում են Հյուսիսային և Բալթիկ ծովերի ֆլորան և ֆաունան։ Թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման գործին մասնակցել է «Գրինփիսը»։
«Տարվա եվրոպական թանգարան» մրցանակը սահմանվել է 1977թ. հայտնի հնագետ Քեննեթ Հադսոնի կողմից։ Մրցանակին կարող են հավակնել ոչ ավելի քան երկու տարի առաջ բացված թանգարանները կամ վերջին երկու տարում մոդեռնիզացված թանգարանները։
Մրցանակի գոյության ողջ ընթացքում մրցույթին մասնակցել է 40 պետության ավելի քան 1700 թանգարան։ Անցյալ տարի «Տարվա եվրոպական թանգարան» մրցանակին արժանացել է ավստրիական Զալցբուրգի թանգարանը։










