Dell-ը խառնում է սմարտֆոնն ու iPad-ը

09:26 • 27.05.10

Անհատական համակարգիչների արտադրության աշխարհում մեծությամբ երրորդ ամերիկյան Dell ընկերությունը թողարկել է պլանշետային ոչ մեծ համակարգիչ, որը նաև հեռախոս է։ Փորձագետները թերահավատ են, որ սմարտֆոնի ու iPad-ի նման խառնուրդը կենսունակ կլինի շուկայում։

Dell-ի պլանշետային այս համակարգիչը՝ Streak-ը, մինչ այս հայտնի էր Mini 5 աշխատանքային անունով։ Ընկերությունում պնդում են, որ սա մոդելային շարքի առաջին արտադրանք է։ Ապագայում Dell-ում նախատեսում են էկրանի 7-10 դյույմ անկյունագծով պլանշետային նոր մոդելներ թողարկել։

Streak-ը միայն համակարգիչ չէ, այն նաև հեռախոս է։ Dell-ի այս համակարգիչները փոքր են շուկայում առկա պլանշետների մեծ մասից, էկրանի անկյունագիծը միայն 5 դյույմ է (12,5 սմ)։ Սարքն աշխատում է Google Android գործավար համակարգի հենքի վրա։ Ընկերությունում հույս ունեն, որ նոր պլանշետը լայն ընդունելության կարժանանա սպառողների տարբեր խմբերում, շնորհիվ WiFi, Bluetooth, 3G հնարավորությունների։ Նրանում ինտեգրված է նաև հավելվածների Android Market առցանց խանութը։

BBC-ի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ Streak-ի թողարկումը ընկերության համար խորհրդանշական կարելի է համարել։ Dell-ը, ամենայն հավանականությամբ, որոշել է վերադառնալ շուկայի «գրպանային» համակարգիչների հատված։ Ընկերությունն արդեն թողարկել է Latitude XT2 պլանշետային համակարգիչը։ Սակայն Streak-ը, համեմատ վերջինիս, ինտերնետային նավարկման ավելի լայն հնարավորություններ ունի, ավելի փոքր է չափերով, աշխատում է Android գործավար համակարգով՝ ընդդեմ Windows-ի։ Dell-ում խոստացել են գործավար համակարգը թարմացնել մինչև Android 2.2 տարբերակի, որն աջակցում է նաև Flash տեխնոլոգիան (նախապես տեղադրված էր Android 1.6-ը)։

Սենսորային Streak-ը նախ հունիսին կհայտնվի Մեծ Բրիտանիայում, ամերիկյան շուկայում այն հասանելի կլինի միայն ամառվա վերջին։ Գինն առայժմ հայտնի չէ։

Կհաջողվի՞ արդյոք շուկայում սեփական հատվածն ունենալ. հարցն ամենից շատն է հետաքրքրում փորձագետներին։ Այն, ըստ էության, մեծ էկրանով սմարտֆոնի ու iPad-ի խառնուրդ է։ Չնայած iPad-ի նկատմամբ մեծ հետաքրքության՝ պլանշետային համակարգիչների վաճառքները երբեք էլ զանգվածային չեն եղել։ Այդուհանդերձ, վերլուծաբանները գնահատել են պլանշետների արտադրության մյուս ընկերություններից տարբերվելու Dell-ի հավակնոտ ցանկությունը։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։