Ինչո՞ւ է ԹԵՐԹ.am-ը բջջայնացվում

00:05 • 27.05.10

Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ գործարկվել են քառալեզու ԹԵՐԹ.am կայքի բջջային (mobile), այդ թվում` հատուկ սմարթֆոնների (iPhone, HTC, Blackberry և այլն) համար նախատեսված տարբերակները։ Այս քայլով կայքը նպատակ ունի ամրապնդել շուկայում ունեցած իր դիրքերը՝ միաժամանակ ավելի հասանելի դառնալով ընթերցողին։ Նախաձեռնության կապակցությամբ «Կապիտալ» օրաթերթը զրուցել է «Մեդիա Սթայլ» ընկերության տնօրեն Վարդան Ասատրյանի հետ։

- ԹԵՐԹ.am-ի բջջային տարբերակն առաջարկելով` ի՞նչ խնդիր եք լուծում։

- Ներկայում ամբողջ աշխարհում ինտերնետից օգտվելու միջոցների փոփոխության բավական ուժեղ միտում կա։ Խոսքը նախևառաջ համակարգչից հեռախոս անցման մասին է։ Վերջերս ամերիկյան Gartner Research խմբի կողմից հրապարակված հետազոտության համաձայն` ավանդական համակարգիչների և բջջային հեռախոսների միջև, որպես ինտերնետ մատչում ապահովող սարքեր, արդեն իսկ 2013թ. տեղի է ունենալու բեկում, և, ըստ հետազոտության գնահատականների, այդպիսի հեռախոսների քանակը կազմելու է 1.82 մլրդ` համակարգիչների 1.78 մլրդ-ի համեմատ։ Մեկ այլ հետազոտության մեջ, որն իրականացրել էր Associated Press գործակալությունը, նշվում է, որ չափահաս ամերիկացիների 26%-ի համար լուրեր կարդալու հիմնական միջոցը բջջային հեռախոսն է։ Ավելին, ըստ հետազոտության արդյունքների, մինչև 50 տարեկանների մոտ այդ ցուցանիշը կազմում է 45%, իսկ 50-ից բարձր տարիքի հեռախոս օգտագործողների մոտ՝ 15%։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ երիտասարդներն ավելի են հակված նորարարությունների ու նոր մոտեցումների։ Այդ իմաստով, ԹԵՐԹ.am-ը մշտապես եղել է և կա նոր մոտեցումներ ու լուծումներ կրող լրատվամիջոց, և մենք նմանատիպ միտումների հետ հաշվի չնստել չենք կարող՝ հատկապես հաշվի առնելով հայկական առցանց լրատվության բնագավառում մեր առաջատար լինելու հանգամանքը։ Այսպիսով, պատասխանելով բուն հարցադրմանը, ասեմ, որ այս քայլով մենք լուծում ենք ժամանակից հետ չմնալու խնդիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով մեր ընթերցողների հարմարավետությունը։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում բջջային տարբերակը և ի՞նչ առավելություններ այն ունի։

- Բջջային տարբերակը սովորական կայքի պարզեցված տարբերակն է։ Այստեղ կայքի բաժինները և լրահոսը ներկայացված են առավել կոմպակտ։ Այսինքն` ընթերցողը ազատվում է սովորական կայքում առկա ՙծանր կոնտենտից՚՝ գովազդներ, նկարներ և այլն։ Իսկ ամենակարևոր առավելությունը, թերևս, այն է, որ ընթերցողը հնարավորություն է ստանում նորություններին տեղեկանալ ամենուր՝ աշխատանքի ճանապարհին, սրճարանում, այգում զբոսնելիս և այլուր։ Իսկ տեղեկատվական հասարակության մեր օրերում իրազեկված լինելը այդ հասարակության մասը կազմելու առաջին և հիմնական գրավականն է։

- Ի՞նչ ասել է հատուկ սմարթֆոնների համար նախատեսված տարբերակ։

- Ըստ էության` այն այդքան էլ չի տարբերվում մյուս բջջայինների համար նախատեսված տարբերակից, պարզապես սմարթֆոնների ծրագրային հնարավորություններին և հավելվածներին (applications) լիարժեքորեն ինտեգրվելու և առավել արդյունավետ լուծումներ ստանալու համար իրականացվում են առանձին մի քանի տեխնիկական քայլեր։

- Ի՞նչ ֆունկցիաներ պետք է ունենա հեռախոսը այս ծառայությունից օգտվելու համար։

- Բջջային տարբերակը նախատեսված է ինտերնետ մատչում ունեցող գրեթե բոլոր հեռախոսների համար, այսինքն՝ այն հեռախոսների, որոնք GPRS, 3G կամ նմանատիպ այլ տեխնոլոգիաների միջոցով կարող են միանալ ինտերնետին՝ ունենալով համապատասխան տեխնիկական տվյալներ։

- Դուք նշեցիք առաջատար դիրքի մասին։ Ի՞նչ ցուցանիշներով են դրանք չափվում։

- Առաջին հերթին ես նկատի ունեմ կայքի այցելուների քանակը։ Այսօրվա դրությամբ ԹԵՐԹ.am-ը հայկական լրատվական կայքերի շարքում ամենաշատ այցելուներ ունեցող կայքն է` մեկ ամսվա ընթացքում ավելի քան 400 հազ. այցելու։ Ավելին՝ ԹԵՐԹ.am-ը հայկական ինտերնետում բացարձակ առաջատար է նաև հայաստանյան այցելությունների ցուցանիշով։ Ներկայում ամսական կտրվածքով հայաստանյան այցելությունների քանակը կազմում է 62%։Այս ցուցանիշը հատկապես կարևոր է գովազդատուների համար, քանի որ նրանց մեծ մասը նպատակ ունի այդ գովազդով իր ուղերձը հասցնել հենց հայաստանցի սպառողին, մեր դեպքում՝ ընթերցողին։ Բջջային տարբերակի գործարկման արդյունքում մենք ակնկալում ենք այցելությունների զգալի աճ։ Նշածս ողջ վիճակագրությունը թափանցիկ է և առկա է հայկական ինտերնետային ռեսուրսների չափումներ իրականացնող Circle.am կայքում։ Վերջինից բացի՝ մենք օգտվում ենք Google Analytics ծրագրից, որը հնարավորություն է տալիս մանրամասն վիճակագրական տեղեկություններ ստանալ կայքի բովանդակության ընթերցվածության, այցելությունների բնույթի, աշխարհագրական ծագման և այլնի մասին։ Նաև այսպիսի ծրագրերի միջոցով ի հայտ եկող միտումները մենք անպայմանորեն հաշվի ենք առնում` մեր հետագա մարտավարության մեջ անելով համապատասխան քայլեր: