Apple-ն ավելի թանկ է, քան Microsoft-ը
Սթիվ Ջոբսը հասել է ուզածին. Apple-ը գերազանցել է Microsoft-ին ու դարձել շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը։ Սթիվ Ջոբսի ու Բիլ Գեյթսի երեսնամյա հակամարտությունը վերջիվերջո բերեց նրան, որ Apple-ը Nasdaq բորսայում կարողացավ գրավել IT ոլորտի ընկերությունների առաջին հորիզոնականը։
Չորեքշաբթի՝ հարթակի փակումից առաջ, Apple-ի կապիտալիզացիան հասավ $222 մլրդ-ի՝ զիջելով միայն նավթային հսկա ExxonMobil-ին։ Microsoft-ի շուկայական գինն ընդամենը $219 մլրդ էր։
Ջոբսը Apple-ը լքեց 1985թ., ընկերությունն այնպիսի արդյունքներ չգրանցեց, ինչպիսիք այստեղ ակնկալում էին նրանից։ Սակայն նա նույն մտադրություններով վերադարձավ ընկերություն՝ ստեղծելու սարքավորումների ու ծրագրային ապահովման ուղղահայաց ու ինտեգրված համակարգ՝ զսպելով առավել ռիսկային տեխնիկական նորարարությունների նկատմամբ գայթակղությունը։ Հաջողությունը վերջին տարիներին ուղեկցում էր Ջոբսին։
Նա Apple-ը վերածեց անհատական համակարգիչների ու տարբեր տեսակի նորարարական էլեկտրոնային սարքերի առաջատար արտադրողի։ Միայն iPhone-ի վաճառքների հաշվին ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից աճել են 16%-ով, իսկ շուկան գնահատում է ընկերության հեռանկարները։
Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա լինելով ծրագրային ապահովման համաշխարհային առաջատարը՝ այն փոփոխական հաջողություններով գրավում էր խառը շուկաները։ Ինչ-որ մի պահի Գեյթսի ծրագրային ապահովումն այնպիսի քանակով սարքերի վրա էր տեղադրված, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը փորձում էր անգամ ընկերությունը երկու մասի բաժանել։
«Գեյթսին մեծ բիզնեսմեն էին անվանում, իսկ ինքն ուզում էր, որ իրեն գուշակ համարեին։ Ջոբսին գուշակ էին անվանում, նա ցանկանում էր բիզնեսմեն դառնալ։ Microsoft-ին գերազանցելով շուկայական կապիտալիզացիայով՝ Ջոբսը, անխոս, ապացուցում է, որ ականավոր բիզնեսմեն է։ Բիլ Գեյթսին նախանձել էþլ պետք չէ»,- գրում է «Սթիվ Ջոբսի երկրորդ վերադարձը» կենսագրականի հեղինակ Ալան Դոյչմանը։
Նշենք, որ Apple-ի տարեկան եկամուտը կազմել է $35,5 մլրդ, ինչը երկու անգամ շատ է երեք տարի առաջ գրանցված ցուցանիշից ու շատ ավելի քիչ, քան Microsoft-ի $58 մլրդ-ը։ Սակայն մարժան Apple-ի մոտ ավելի բարձր է։ Ընկերության եկամուտները երեք տարվա ընթացքում եռապատկվել են՝ $5,7 մլրդ-ով, այն դեպքում, երբ Microsoft-ի եկամուտները շատ դանդաղ են աճում։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










