Նեթբուքերում արդեն հնարավոր է MeeGo տեղադրել
MeeGo նախագծի մասնակիցները հայտարարել են համանուն գործավար համակարգի առաջին տարբերակի թողարկման մասին։ MeeGo հարթակը առաջին անգամ ներկայացվեց փետրվարին, Mobile World Congress 2010 ցուցահանդեսի շրջանակներում։
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, գործավար այս համակարգի հիմքում Intel-ի կողմից մշակվող Moblin և Nokia-ի կողմից առաջարկվող Maemo բաղադրիչներն են։ Նախագծի հիմնական նպատակը սմարտֆոնների, նեթբուքերի, պլանշետային համակարգիչների ու բջջային այլ սարքերի համար առաջարկվող բազմաֆունկցիոնալ գործավար համակարգի ստեղծումն է։
MeeGo 1.0-ի գործածվող միջերեսը առաջին հայացքից հարմարավետ է, արագ մուտք է առաջարկում ամսագրին, խնդիրների ցանկին, վերջին անգամ բացված նիշքերին, սոցիալական այլ գործիքներին և այլն։ Գործավար համակարգում ինտեգրված է նաև Google Chrome բրաուզերը, էլփոստի հետ աշխատող համակարգ, մեդիանվագարկիչ, ամենօրյա աշխատանքում կիրառվող այլ հավելվածներ։
MeeGo 1.0 գործավար համակարգը նախատեսված է Intel Atom պրոցեսորներով նեթբուքերում ու Nokia N900 սմարտֆոնում տեղադրելու համար։ Ծրագրավորողները հոգ են տարել անգամ մարտկոցի էներգիայի ծախսի արդյունավետության բարձրացման մասին ու այն կարգավորելու համար հատուկ գործիքներ ինտեգրել։ Գործավար համակարգը հասանելի է 16 լեզուներով, ցանկում նաև ռուսերեն կա։
MeeGo 1.1 տարբերակը հասանելի կլինի հոկտեմբերին ու կաջակցի սենսորային էկրաններով սարքերը, ինչպես օրինակ պլանշետներն ու մեքենաներում՝ տեղադրված մեդիանվագարկիչները։
Գործավար համակարգ հնարավոր է ներբեռնել http://meego.com/downloads հասցեից։










