Ղարաբաղի դրոշը «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչում չի ծածանվել

16:39 • 29.05.10

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը Օսլոյից Tert.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, թե Եվրատեսիլ-2010» մրցույթի եզրափակիչից հաշված ժամեր առաջ ինչ տրամադրություններ են տիրում Նորվեգիայի մայրաքաղաքում։

«Տրամադրությունը բոլորի մոտ հոյակապ է, գործերը գերազանց են ընթանում, չնայած մանր խնդիրներին, բոլոր մասնակիցները պատրաստված են»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ բեք վոկալիստներից մեկի՝ Տիգրան Պետրոսյանի առողջական խնդիրներ ունի, բայց, չնայած դրան, նա կաջակցի Եվա Ռիվասին եզրափակիչում։

Նրա խոսքերով՝ ամբողջ պատվիրակությունում ամենակազմակերպվածը դուդուկահար Ջիվան Գասպարյանն է։ «Ջիվան քեռին իրեն շատ ամուր է պահում»,- ասաց նա։

Դիանա Մնացականյանը հերքեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե Եվա Ռիվասի՝ կիսաեզրափակիչի ելույթի ժամանակ դահլիճում Ղարաբաղի դրոշներ են ծածանվել։

Ադրբեջանի մասնակցին ներկայացնող տեսահոլովակում Ադրբեջանի քարտեզը ներկայացված էր առանց Լեռնային Ղարաբաղի, ինչն էլ, Դիանայի մեկնաբանությամբ, ադրբեջանցիների զայրույթն է առաջացրել և ստիպել է նրանց տարբեր տեսակի ապատեղեկատվություն տարածել։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները տեղի տան քարտեզի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած աղմուկին, մեր զրուցակիցն ասաց. «Անհնար է, մենք նրանց նախազգուշացրել ենք, որ դա քաղաքական սկանդալի պատճառ կարող է դառնալ։ Հեռարձակողների եվրոպական միությունը երկու տարի անընդմեջ նույն թեմայով սկանդալ չի հանդուրժի»։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի 2010»–ի եզրափակիչի հեռարձակումը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում կսկսվի այսօր ուղիղ կեսգիշերին։