Հայաստանն ու Հնդկաստանը կնկարահանեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մասնակցելով Կաննի միջազգային կինոշուկային, ձեռք է բերել 5 համատեղ կինոարտադրության առաջարկ, որոնցից մեկը ներկայացրել է հնդկական կողմը։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ Հնդկաստանը հետաքրքրված է համատեղ մեծ նախագծերի իրականացմամբ։
Ըստ Գևորգյանի՝ կինոկենտրոնն առաջարկել է նկարահանել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ, և հնդկական կողմը մեծ ներդրումներ անելու պատրաստակամություն է հայտնել։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը հավելեց, որ այժմ այդ նախագծի համար նյութեր է հավաքում և պատրաստում կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Նա չբացառեց, որ ֆիլմը կարող է ունենալ մի քանի ռեժիսոր։
Համատեղ ֆիլմարտադրության մեկ այլ առաջարկ Հայաստանը ստացել է Ուկրաինայից։ Այսպես, Ռոման Բալայանի սցենարի հիման վրա Սերգեյ Փարաջանովի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքներում կարող է ներգրավվել նաև Հայաստանը։










