Հայկական ֆիլմերը կցուցադրվեն արաբական երկրներում
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ռեժիսոր, ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի նախագահ և հիմնադիր Վրեժ Քասունին, Հայաստանի և արաբական մի քանի երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ֆիլմերի փոխանակման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կաննի միջազգային կինոշուկայի շրջանակում։
Քասունին նշեց, որ սրանք դեռ առաջին քայլերն են, իսկ համագործակցության արդյունքները կարող ենք տեսնել մի քանի տարուց։ Ռեժիսորը հավելեց, որ բացի հայկական ֆիլմերը կցուցադրվեն նաև Հյուսիսային Աֆրիկայում։
Իր հերթին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ նմանատիպ համագործակցության ձևն ընդունված է Կաննում։ Նա նաև նշեց, որ հետագայում համագործակցությունը կարող է խորանալ. այդ երկրների հետ համատեղ ֆիլմարտադրություն կարող է սկսվել։










