Վերսալում բացվեց Ցեղասպանությանը նվիրված խաչքարը
Մայիսի 30-ին, Վերսալի պալատի այգում մեծ թվով ֆրանսիացի քաղաքական գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանից բերված Խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Մաքսիմ Գևորգյանի աշխատանքի բացումը Վերսալի քաղաքապետ պրն. Ֆրանսուա դը Մազիերի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտետչյանի հետ արել է Շառլ Ազնավուրը։
Միջոցառման կազմակերպիչ, Հայ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանն ասել է. «Մենք այստեղ վրեժխնդրության համար չենք հավաքվել։Մենք ուղղակի խնդրում ենք, որ արդարությունը վերականգնվի այսքան տարի անց և շնորհակալ ենք Ֆրանսիային, որն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։ Այս մասին Ֆրանսիայից հաղորդում է անկախ լրագրող Ժան Էքյանը։










