Հովհաննես Գալստյանն իր հաջորդ ֆիլմի ֆինանսավորումը գտել է Կաննում
Կաննի միջազգային կինոշուկային, որը տեղի է ունեցել մայիսի 12-23-ը, Հայաստանից մասնակցել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռիժիսորը, ֆիլմը ջերմ է ընդունվել տարբեր ազգության հանդիսատեսի, այդ թվում նաև թուրքերի կողմից։ Գալստյան նշեց, որ իր ապագա ֆիլմերում նկարահանվելու առաջարկով նրան մոտեցել է մի թուրք դերասանուհի, ռեժիսորն ընդունել է առաջարկը։ Կաննի կինոշուկայի օրերին «Խճճված զուգահեռները» ստացել է 5 փառատոների մասնակցելու հրավեր։
«Մինչև Կաննի կինոշուկային ներկայանալը ես ունեի իմ նոր ֆիլմի ֆինանսավորման 25 տոկոսը։ Ֆիլմերիս համար Հայաստանից ես ավելի շատ գումար չեմ վերցնում։ Կինոշուկայի օրերին ես ստացա երեք առաջարկ», – ասաց նա՝ հավելելով, որ երկուսն արդեն հաստատված են։ Այսպիսով, Գալստյանի «Գաբրիել և Մարի» ֆիլմի նհարահանումները կֆինանսավարեն Նորվեգիան և Չեխիան։ Կինոռեժիսորը տեղեկացրեց, որ ֆիլմը կնկարահանվի Նորվեգիայում, այդ երկիրը տրամադրում է ֆիլմի պատրաստման համար անհրաժեշտ գումարի 25 տոկոսը, Չեխիան՝ 15 տոկոսը։ Բացի դրանից, Չեխիան կապահովի ֆիլմի հետարտադրական գործընթացը։
«Հուսով եմ, որ մնացած գումարը կգտնենք Մոսկվայում», – ասաց Գալստյանը։ Գալստյանը նաև հավելեց, որ «Գաբրիել և Մարի» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011թ. և կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում։
Նշենք, որ «Գաբրիել և Մարի» ֆիլմը պատմում է ամուսնական անքակտելի կապի մասին։ Ֆիլմը երեք տարբեր ժամանակներում և իրականությունների մեջ դինամիկ զարգացող հոգեբանական դրամա է։










