Կառավարությունն այսուհետև կունենա երկու կայք
Կառավարության աշխատակազմն այսօր հանրությանը ներկայացրել է թարմացված www.gov.am և նոր www.e-gov.am կայքերը: Նախկին կայքի որոշ բաժիններ տեղափոխվել են www.e-gov.am կայք, ինչպես, օրինակ, կառավարության ու վարչապետի որոշումները, նիստերի օրակարգերը: Դրանում զետեղվել են նաև «Մեկ անձից կատարվող գնումներ», «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում», «Ինտերակտիվ բյուջե» և այլ բաժիններ:
www.gov.am կայքում ամբողջովին փոխվել է դիզայնը` ֆոնը դարձել է ծիրանագույն՝ նախկին կարմիրի փոխարեն, տեսանյութեր դիտելու հնարավորություն կա: Տեղադրվելու է վարչապետի առաջիկա երկու շաբաթվա գրաֆիկը, սակայն աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը այսօր հրավիրած ասուլիսում զգուշացրեց, որ գրաֆիկների մեջ հնարավոր են նախօրոք չպլանավորված փոփոխություններ: 










