Կրծքի քաղցկեղի դեմ պատվաստաշիճուկ է մշակվել
Ամերիկացի գիտնականները մշակել են կրծքի քաղցկեղի դեմ պատվաստաշիճուկ, որը մկների վրա կատարված փորձի արդյունքում ցույց է տվել ընդգծված պրոֆիլակտիկ էֆեկտ։ Ինչպես հայտնում է The Times-ը, դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան երկու տարուց։
Որպես կանոն, հակաուռուցքային պատվաստաշիճուկի պատրաստումը դժվարանում է նրանով, որ քաղցկեղի բջիջների հակագեները մարդու օրգանիզմի համար օտարածին չեն և սեփական իմունային համակարգը դրանց դեմ չի պայքարում։
Յեյլի և Քլիվլենդի համալսարանների և Լերների հետազոտական ինստիտուտի գիտնականները դեղամիջոցը պատրաստելու ժամանակ որպես հակագեն ընտրել են α-լակտալբումին սպիտակուցը, որը մեծ քանակությամբ արտադրվում է կրծքի քաղցկեղի բջիջների կողմից, ինչպես նաև կրծքով կերակրելու ժամանակ կաթնագեղձի նորմալ էպիթելային հյուսվածքներում։
Փորձի շրջանակում գենային ինժեներիայով ստացված 6 մկների, որոնց մոտ մեծացվել է կրծքի քաղցկեղի վտանգը, ներարկվել է α-լակտալբումին պարունակող դեղամիջոցը։ Նույնքան մկներ էլ ստացել են պլացեբո։ Ներարկումից հետո 10 ամսվա ընթացքում բոլոր փորձամկների մոտ զարգացել է կաթնագեղձի քաղցկեղ։ Դեղամիջոցն ընդունած կենդանիների մոտ ուռուցքի նշաններ չեն նկատվել։
Հետազոտության ղեկավար Վինսենտ Տուոհին ասել է, որ նոր պատվաստաշիճուկը նախատեսվում է ներարկել 40-ից բարձր տարիքի կանանց՝ հաշվի առնելով, որ այդ տարիքում կրծքով կերակրելու հավանականությունը նվազում է, իսկ քաղցկեղի զարգացումը՝ մեծանում։
«Մեր կարծիքով՝ կրծքի քաղցկեղը լիովին կանխարգելվող հիվանդություն է»,- հայտարարել է Տուոհին։










