Առաջին միասնական քննությունների արդյունքները հայտնի կդառնան երկու օրից

12:12 • 01.06.10

Այսօր առավոտյան Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները։ Այդ կապակցությամբ լրագրողները Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ այցելեցին №20 քննական կենտրոն։ Առաջին քննություններն անցկացվում են աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից։

Լրագրողների ներկայությամբ բացվեցին քննական թեստերի փաթեթները։ Շրջանավարտներն անհամբեր սպասում էին քննության մեկնարկին։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Գուրգեն Խաչատրյանը՝ այսօր կենսաբանությունից քննություն են հանձնում շուրջ 1100 շրջանավարտ, ընդհանուր պատմությունից՝ 500, աշխարհագրությունից՝ 300։ Տնօրենը հավելեց, որ բացակաների թիվը 13 է։ Ըստ նրա՝ եթե այդ շրջանավարտները հիմնավորեն իրենց բացակայությունը, ապա հնարավորություն կտրվի քնությունը հանձնել լրացուցիչ փուլով։

Խաչատրյանը հայտնեց, որ առաջին քննությունների արդյունքները հայտնի կդառնան երկու օրվա ընթացքում։