Այսօր մեկնարկում են միասնական քննությունները

10:01 • 01.06.10

Հունիսի 1–ին մեկնարկում են առաջին միասնական քննությունները աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից։ Ինչպես Tert.am–ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, այդ երեք առարկաների համար, Լեռնային Ղարաբաղում ներառյալ, կբացվեն 15 քննական կենտրոններ, երկուսը՝ Երևանում։ Առավոտյան ժամը 09։30 ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը կայցելի №20 քննական կենտրոն։

Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ Երևանում աշխարհագրությունից միասնական քննություն կհանձնի 74 շրջանավարտ, ընդհանուր պատմությունից՝ 44, կենսաբանությունից՝ 534։ Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ հիշեցրեց և զգուշացրեց, որ շրջանավարտներին արգելվում է մտնել քննական կենտրոն բջջային հեռախոսներով, այլապես քննություն հանձնողներն անմիջապես կհեռացվեն սենյակից և կստանան անբավարար գնահատական։

Հավելենք, որ այս տարի դիմորդների թիվը կազմել է 17665, անցյալ տարվա 19164–ի դիմաց։ Այս ցուցանիշում ընգրկված են նաև ԼՂՀ–ից դիմորդները։ Իսկ Երևանում դիմորդների թիվը կազմել է 6160։ Մայրաքաղաքից հետո դիմորդների թվով Շիրակի մարզն է, իսկ դիմորդների ամենափոքր թիվը գրանցվել է Վայոց Ձորում։

Արդեն հունիսի 4–ին շրջանավարտները կհանձնեն հայոց լեզու և գրականություն, 8–ին՝ ֆիզիկա, 11–ին՝ օտար լեզու, 15–ին՝ մաթեմատիկա, 19–ին՝ քիմիա և հայոց պատմություն։ Վերջին քննությունը ռուսաց լեզու առարկայից կանցկացվի հունիսի 23–ին։

Անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված միասնական քննությունների թեստերը պահվում են «Արարատ» բանկի պահոցում, որի բանալիները միայն երեք անձանց տրամադրության տակ են` Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և «Արարատ» բանկի ներկայացուցչի:

Քննություններից մեկ օր առաջ, «Հայինկասացիա»-ի ուղեկցությամբ, թեստերը փակ ծրարներում կտեղափոխվեն քննական կենտրոններ և կբացվեն դիմորդների ներկայությամբ: Իսկ պետական ավարտական քննությունների թեստերն արդեն 2–րդ տարին է, ինչ տպագրվում է ԳԹԿ տպարանում:

Նշենք, որ այս տարի դիտորդների դերում բացի լրագրողներից հանդես կգան տարբեր բուհերի ուսանողներ, մասնավորապես, մանկավարժական բաժիններից։