Հունիսի 1–ը երեխաների պաշտպանության օրն է

09:41 • 01.06.10

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանը և մի շարք վարչական շրջաններ կազմակերպում են մանկական տոն` մայրաքաղաքի տարբեր պուրակներում, մշակույթի ու արվեստի կենտրոններում։

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական զբոսայգում։ Տոնական տեսք ստացած զբոսայգին երեք մուտքերի մոտ ժամը 14-ից փոքրիկներին կդիմավորի տոնական երաժշտությամբ։ Այստեղ երեխաներին կսպասեն հայտնի հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսները, ովքեր կզրուցեն, պատմություններ կպատմեն ու քաղցրավենիք կհյուրասիրեն երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ժամը 15-ին կսկսվի տոնական համերգը, որին կմասնակցեն մանկական պարային համույթներն ու երգչախմբերը, մայրաքաղաքի արվեստի ու երաժշտական դպրոցների սաները։ Մանուկների տոնը իրենց կատարումներով կշնորհավորեն նաև էստրադային աստղերը։ Տոնը կեզրափակվի ցերեկային հրավառությամբ։

Նույն օրը ժամը 12-00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա տիկնիկների ցուցահանդեսի բացումը։ Ներկայացվելու են տարբեր ժամանակաշրջանների մասսայական արտադրության և հեղինակային ստեղծագործություններ համարվող մոտ 200 տիկնիկներ։ Առաջին հայկական կարպետահյուս տիկնիկների` «Նուրիների» կողքին կցուցադրվեն երեխաների մերօրյա կուռք համարվող «Բարբիները»։

Նախատեսված միջոցառումները խոստանում են փոքրիկների օրը դարձնել ուրախ ու հետաքրքիր։ Տոնական միջոցառումներ են նախատեսվում Մանկական զբոսայգում, Մոսկովյան պուրակում, Մալաթիա-Սեբաստիայի Երիտասարդական զբոսայգում, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, Դավիթաշենի և Գարեգին Նժդեհի հրապարակներում, Խնկո Ապոր գրադարանում, Ավանի մշակույթի տանը, Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, բազմաթիվ բակային տարածքներում և խաղահրապարակներում։