Մոմիկի ծննդյան 750-ամյակի և Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի հոբելյանական ծրագրերը հավանության են արժանացել
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել հայ միջնադարյան ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարերի վարպետ Մոմիկի ծննդյան 750-ամյակի և մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ, որը վարել է հանձնաժողովների նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստում քննարկվել են այն բազմաբնույթ միջոցառումները, որոնք հանձնաժողովների կողմից հաստատվելիք ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում: Միջոցառումները կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլևմարզերում:
Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումները հիմնականում կկազմակերպվեն Վայոց Ձորի մարզում` մեծ վարպետի ծննդավայրում: Մոմիկի ծննդյան 750-ամյակի միջոցառումների շրջանակում նախատեսվում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղեգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարյան ստեղծագործությունների ցուցադրմամբ, ինչպես նաև «Միջնադարի գլաձորյան մանրանկարչությունը և քանդակագործությունը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերպում: Նորավանքում կկազմակերպվի գիտական նստաշրջան, իսկ ավագ դպրոցներում կանցկացվի «Ինչ գիտեմ Մոմիկի մասին» շարադրությունների մրցույթ:
Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ նախատեսվում է ցուցահանդես Հայաստանի Ազգային պատկերասրահում և կատալոգի հրատարակում, 2011 թվականին նախատեսվում «Վարգես Սուրենյանց 150» մուլտիմեդիա խտասալիկի թողարկում, արվեստագետի նկարազարդումներով Հայկական հեքիաթների վերահրատարակում, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների հուշանվերային բացիկների հրատարակում: Առաջարկվել է սահմանել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում Վարդգես Սուրենյանցի անվան կրթաթոշակ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնել Վարգես Սուրենյանցին նվիրված գիտական նստաշրջան: Իրականացվելիք միջոցառումների շրջանակում է «Վարդգես Սուրենյանց 150» նամականիշի թողարկումը: Պատրաստվում է մեծ գեղանկարչի մասին պատմող ֆիլմը:
Նիստում հանձնաժողովները հավանություն են տվել ներկայացված հոբելյանական միջոցառումների ծրագրերին: Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանձնաժողվի անդամների կողմից հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնել և ընդունելիները ներառել հոբելյանական միջոցառումների ծրագրերում:










