Արմեն Աշոտյանը համաժողովին չի մասնակցի. նրա կարծիքն արդեն լսել են

16:15 • 02.06.10

ՀՀ կրթության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել էր «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ այսօր Թեքեյան մշակութային միությունում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած համաժողովին մասնակցելու հրավերը։ Նախարարն իր պատրաստակամությունն էր հայտնել՝ մասնակցել համաժողովին, լսել մասնակիցների տեսակետները, ինչպես նաև արտահայտել ՀՀ կառավարության մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ։

Սակայն, ըստ հաղորդագրության, համաժողովի նախաձեռնող խումբը «բացառել է այլակարծության որևէ դրսևորում»՝ այսօր հայտնելով. «Համաժողովը բաց է բոլոր հյուրերի մասնակցության համար, սակայն համաժողովի կազմակերպիչները նպատակահարմար չեն գտնում պաշտոնական տեսակետը ևս մեկ անգամ հնչեցնելը»։

«Վստահ ենք, որ նման մոտեցումը սահմանափակում է հարցի շուրջ կառուցողական երկխոսության և առողջ քննարկումների հնարավորությունը, և մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն միայն «համակողմանիորեն ներկայացնել մասնակիցների անհամաձայնությունը»»,– ասվում է հաղորդագրությունում:

Հարցի առնչությամբ նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը Tert.am–ին ասաց. «Մեր համաժողովի նպատակը խնդիրը տարբեր կողմերից քննարկելը չէ, սա նախագծին դեմ արտահայտվող մարդկանց կողմից բողոքի յուրատեսակ դրսևորում է, որը, հաշվի առնելով փաստը, որ նախաձեռնության անդամները հիմնականում մտավորականներ են, արտահայտվում է համաժողովի տեսքով։ Մենք շատ լավ գիտենք նախարարի պաշտոնական տեսակետը և կարիք չունենք ևս մեկ անգամ լսել այն։ Մեր համաժողովի նպատակը բանավեճը չէ», – ասաց նա։

ՀՀ ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am–ին տեղեկացրեցին, որ Արմեն Աշոտյանը համաժողովին չի մասնակցի։