Ադրբեջանցիների եվրատեսիլյան բլեֆը՝ ըստ Դիանա Մնացականյանի

17:45 • 03.06.10

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը Tert.am-ի թղթակցի հետ զրույցում «հերթական բլեֆ» անվանեց ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե «Եվրատեսիլ 2010» մրցույթի եզրափակիչի ընթացքում հայ մեկնաբանները չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրային։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները վկայակոչելով հայաստանյան լրատվական գործակալություններից մեկին, տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Եվրատեսիլի» եզրափակիչ շոուի ընթացքը ուղիղ եթերով Հայաստանում մեկնաբանող Խորեն Լևոնյանն ու Հրաչուհի Ութմազյանը սկզբունքորեն չեն ներկայացրել ադրբեջանցի երգչուհի Սաֆուրա Ալիզադեին։

«Դա հերթական բլեֆն է, նա ներկայացվել է»,- ասաց Դիանա Մնացականյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանցիները մտադիր են դիմել Հեռարձակողների եվրոպական միությանը և բարձրացնել մրցույթի կանոնների խախտման հարցը՝ նա ասաց.

«Ոչ մի կանոն չի խախտվել։ Եթե մենք նրանց դիֆերամբներ չենք ձոնում, չի նշանակում, որ նրանց չենք ներկայացրել»։